Սառցե ծածկույթները կարող են հալվել

Նոր հետազոտության համաձայն՝ համաշխարհային սառցածածկույթները կարող են անդառնալիորեն հալվել՝ հանգեցնելով ծովի մակարդակի բարձրացման և ափամերձ շրջաններից «աղետալի» արտագաղթի, նույնիսկ եթե գլոբալ տաքացումը չանցնի 1.5°C շեմը. գրում է CNN-ը։

Գիտնականները փորձել են որոշել, թե սառցե ծածկույթների համար որ շեմն է համարվում «անվտանգ»։

Թեև միջազգային հանրությունը պարտավորվել է մոլորակի միջին տաքացումը սահմանափակել 1.5 աստիճանով, ներկայիս գնահատականները վկայում են մինչև 2100թ․ մինչև 2.9 աստիճան հնարավոր բարձրացման մասին։ Communications Earth and Environment գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նույնիսկ 1.5 աստիճան տաքացումը կարող է բավարար չլինել սառույցների ամբողջական հալոցքը կանխելու համար։

Ներկայումս արձանագրված 1.2 աստիճան միջին գլոբալ տաքացումը կարող է արդեն իսկ արագացնել սառցե զանգվածների նահանջը և հանգեցնել ծովի մակարդակի կտրուկ բարձրացման։ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցներում կուտակված ջրի պաշարները եթե ամբողջությամբ հալվեն, կարող են ծովի մակարդակը բարձրացնել մինչև 65 մետր։ Թեև նման սցենարը քիչ հավանական է, այն ընդգծում է խնդրի հնարավոր հետևանքների մասշտաբը։

1990-ականներից ի վեր սառույցի կորստի ծավալը չորս անգամ աճել է՝ հասնելով տարեկան մոտ 370 միլիարդ տոննայի։ Սա հանդիսանում է ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներից մեկը, որի տեմպերը վերջին երեք տասնամյակում կրկնապատկվել են։