Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնա...

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Անկարայի փողոցներ: Reuters-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:

Բողոքի ցույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին կայանալիք դատական ​​նիստից առաջ, որը կքննարկի 2023 թվականի նոյեմբերին ԺՀԿ համագումարի արդյունքները չեղյալ համարելու հարցը, երբ Օզգյուր Օզելը ընտրվել է կուսակցության ղեկավար: Եթե դատարանը չեղյալ հայտարարի կուսակցության համագումարի արդյունքները, Օզելը կարող է հեռացվել իր պաշտոնից, ինչը, իր հերթին, կարող է ազդել Թուրքիայի 2028 թվականի նախագահի ընտրության ժամկետների վրա և վերադասավորումներ առաջացնել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում, նշում է Reuters-ը:

2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում ԺՀԿ-ն հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և առաջընթաց է գրանցել հասարակական կարծիքի հարցումներում: Ռոյթերսը նշում է, որ անցյալ տարվա ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով հետաքննությունների շրջանակներում ձերբակալվել է ԺՀԿ-ի ավելի քան 500 անդամ։

Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ընդդիմության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրությունում, ձերբակալվել է մարտին, ինչը զանգվածային բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում։