Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ, միշտ ծառայե...

Ես նախ փառք եմ տալու Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացրեց էս վերջին 80 օրերի փորձությամբ. անշուշտ նպատակն ինձ վարկաբեկելն էր՝ հասարակության լայն զանգվածներին ցույց տալու համար, որ տեսեք, այն հոգեւորականը, որին այսքան տարի հարգել եք, սովորական հանցագործ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի դահլիճում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Թող հարգարժան դատարանն ինքը որոշի՝ դա իր նպատակին ծառայե՞ց, թե՞ հակառակը էֆեկտը ունեցավ։ ես կարծում եմ՝ հակառակ էֆեկտը ունեցավ։ Ով էլ ինձ չէր ճանաչում, հիմա ճանաչում է։ Ես փառք Աստծո, գոնե հայության մոտ ճանաչված եմ՝ Նոր Զելանդիայից մինչեւ Չիլի։ Այս կատակերգությւանը հետեւում է ամբողջ աշխարհի հայությունը։ Իսկ ինձ հայությունից դուրս ուրիշ բան չի էլ հետաքրքրում. օտարները կհետաքրքրվեն, դեսպանատները կհետաքրքրվեն, օտարերկրյա ՀԿ–ները կարտահայտվեն, բնակ հետաքրքիր չի։

Ես իմ ամբողջ կյանքը ապրել, ապրում եմ և շարունակելու եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որն այսօր զավթված է, և Հայ եկեղեցու համար։ Շարունակելու եմ ծառայել այս գերբին ու դրոշին, որը ոմանք արատավորում են»,–ասաց նա։

Միքայել Սրբազանը շնորհակալություն հայտնեց իր պաշտպանական թիմին. «Կարծում եմ՝ բոլորին պարզ եղավ՝ արդյոք ես մեղավոր եմ, թե անմեղ։ Կարծում եմ՝ նույնիսկ Գյումրիի օժանդակ դպրոցի սաները, եթե հետեւեցին, հասկացան, որ ես անմեղ եմ։ Ես համոզված եմ, որ բոլորն էլ համոզված են, որ անմեղ եմ, ներառյալ դիմացս նստած մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, որ պատվիրատուն են։ Բայց երեւի կարծում են, որ սրանով ինչ–որ բանի պետք է հասնեն։

Շնորհակալություն իմ բոլոր հոգեւոր եղբայրներին, որ էս բոլոր օրերին  իմ թիկունքում եղան՝ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ, ցույց տալով Հայ եկեղեցու միասնականությունը, ամրությունը և հավիտենական երթը։ Եկեղեցին որեւէ բանից չի սարսափում, չի թողում, չի ընկրկում, նաև բանտարկությունից ու բանտից։ Այս 81 օրվա մեջ ինձ համար ամենատհաճ պահը դատարան գալն ու գնալն է։ Եթե իմ հոգեւոր եղբայրներին տեսնելու հնարավորությունը չլիներ, չէի էլ գա։ Կասեի՝ թող դատեն, ինչպես ուզում են։ Այլապես այնպես չի, որ մեծ հույսեր ունենք արդարադատության, որովհետեւ այս ընթացքում արդարադատության թշվառությունը տեսանք անձամբ»,– հայտարարեց Միքայել Սրբազանը։

Նշենք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։