Կատարը հավաքում է համախոհ երկրներին՝ Իսրայելի...

Մուսուլմանական և իսլամական երկրները Կատարում քննարկում են Դոհային Իսրայելի հարվածի վերաբերյալ իրենց արձագանքը։

Կատարն ընդունում է արաբական և մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարներին՝ քննարկելու՝ ինչպես համակարգված արձագանքել Դոհայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին ուղղված Իսրայելի հարվածին:

Հավաքից առաջ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին Նյու Յորքում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ տեղեկությունների՝ նա Սպիտակ տան ղեկավարին հաստատել է Դոհայի հանձնառությունը՝ համագործակցելու Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու համար։

Արաբական և մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Ալ Թանին ընդգծել է. «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարեցնի կրկնակի ստանդարտների կիրառումը և պատժի Իսրայելին իր կատարած բոլոր հանցագործությունների համար»:

Ելույթ ունենալով Կատարում՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը զգուշացրել է, որ «հանցագործության մասին լռությունը ճանապարհ է հարթում ավելի շատ հանցագործությունների համար»։

Կիրակի լրատվամիջոցները հրապարակել են բանաձևի նախագծից մի հատված, որի համաձայն՝ գագաթնաժողովի մասնակիցները պատրաստ են հայտարարել, որ «Իսրայելի դաժան հարձակումը Կատարի վրա և նրա թշնամական գործողությունների շարունակությունը, ներառյալ՝ ցեղասպանությունը, էթնիկ զտումները, սովը, պաշարումը, գաղութային գործունեությունը և ծավալապաշտական ​​քաղաքականությունը, սպառնում են տարածաշրջանում խաղաղության և համակեցության հեռանկարներին»։