
Սեպտեմբերի 15-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց:
Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, որոնք կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու կամ ականատես լինելու համար:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը, ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցներին պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր-կտրող ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրը, որտեղ կան արնանման հետքեր և գլխարկ: