![Հերթական վարկը. Վերակառուցման և զարգացման միջ...](/imgs/posts/medium/2024/09/786e10d.png)
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրին:
Նշենք, որ 40 մլն դոլարի չափով այս համաձայնագիրը կնքվել է 2024-ի օգոստոսի 6-ին։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։
Այս ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ:
Ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները 40-ից ավելի տարիներ շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ հանգեցնում է վթարների առաջացմանը:
Այժմ անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով, տեխնոլոգիապես հնացած ռելեական պաշտպանության սարքավորումները՝ միկրոպրոցեսորային ռելեներով, իրականացնել քայքայված երկաթբետոնյա կառույցների, խրամուղիների, հիմքերի, հողանցման կոնտուրների վերականգնողական, շինմոնտաժային աշխատանքներ և այլն:
Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։
Նշենք, որ Համաձայնագիրը Հայաստանի պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։