Չեխիայի խորհրդարանի նորընտիր նախագահ Տոմիո Օկամուրան հինգշաբթի քաղաքական սկանդալ է հրահրել՝ հրամայելով Պրահայում խորհրդարանի շենքի ճակատային մասից հանել Ուկրաինայի դրոշը:
Հոկտեմբերի խորհրդարանի ընտրությունում պարտված եվրոպամետ կոալիցիայի ներկայացուցիչներն այդ գործողությունը անվանել են «ամոթալի»։ Ի նշան բողոքի՝ նրանք Ուկրաինայի դրոշը կախել են իրենց խորհրդարանական գրասենյակների պատուհաններից։
«Առաջին հերթին՝ Չեխիան»,- մեկնաբանել է Օկամուրան իր որոշումը: Նա հայտնի է որպես ծայրահեղ աջ հայացքներով ազգայնական, նախկինում բազմիցս ուշադրություն է գրավել ռասիստական կարգախոսներով ու հայտարարություններով։
Օկամուրայի արարքը դատապարտել են ոչ միայն Չեխիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Ուկրաինայի դրոշը Չեխիայի խորհրդարանի շենքի վրա է տեղադրվել՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո՝ ի նշան Կիևի հետ համերաշխության։ Այն ծածանվել է Չեխիայի ազգային դրոշի, Եվրամիության և Իսրայելի դրոշների կողքին։



