«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն երկու, իսկ ընդհանրապես 7 տարի շարունակ հովանավորել է Արցախի ֆինանսական միջոցները փաստացի յուրացրած նախկին ու «ավելի» նախկին պաշտոնյաներին: Երկու տարի առաջ ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե, եւ վերջ:
Հիմա` ամեն ինչի մասին հերթով
Ինչպես Սաշիկ Սարգսյանի «50/50 տոկոս»-ի լեգենդը այդպես էլ ոչ մի փաստարկով չապացուցվեց հետհեղափոխական Հայաստանում, այնպես էլ՝ Արցախի նախկին նախագահ, այսօր Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Արայիկ Հարությունյանին վերագրվող Արցախի ողջ հարստությունը, հէկ-երը, պարզվում է` ամենեւին էլ նախագահինը չէին: Արցախում եղել են պաշտոնյաներ, որոնք ահռելի ունեցվածք ու կարողություն են դիզել, հայաթափումից հետո դրանք, անհասկանալիորեն անվտանգ ձեւով, տեղափոխել են Հայաստան ու կալվածքներ են գնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում ու եվրոպայում:
ՔՊ-ի սիրելի գործարարը հարստացել է Արցախի հաշվին
Օրինակ` Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՔՊ գրասենյակում մուտք ու ելք ունեցող Արման Հակոբջանյանը Արցախի շրջափակման օրերին հաջողեցրել էր Հայաստան փախչել եւ գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի հարյուր գազալցակայանները : Նա հիմա էլ ՀՀ-ում է պետական մրցույթներում հաղթում եւ շինարարությամբ զբաղվում` ունենալով ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի եւ էլի մի քանի ՔՊ-ականների հետ ընկերական հարաբերություններ: Այս մասով, սակայն, մեր հետաքննությունն առաջիկայում կհրապարակենք:
Անհայտ մեծահարուստ Կոմիտասը
Հիմա դառնանք Կոմիտաս Կարապետյանին. ով է նա, որ Հայաստանում դարձել է հսկայական ունեցվածքի տեր: Նա, եղբոր անունով գրանցված «ԼԵՌՄՈ» ՍՊԸ-ի անունով, 236.287,240 դրամ է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից՝ հէկ-եր կառուցելու համար, որոնց մեծ մասը չեն էլ կառուցվել:
Առաջին եւ երկրորդ լուսանկարներում Կարապետյանի կնոջ եւ եղբոր անունով գրանցված ընկերություններն են:



