Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը:
«Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցերը, ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական խնդիրները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղիները»,- նշված է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքներին և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին առնչվող ժամանակակից մարտահրավերների շուրջ։
Զրուցակիցները վերահաստատել են հանձնառությունը` շարունակելու համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։



