Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ըստ ամենայնի, ընկել է Կրեմլի աչքից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ձախողված զրույցից հետո, որը հանգեցրեց Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի չեղարկմանը, գրում է The Moscow Times-ը։
76-ամյա Լավրովը, որը ավելի քան 20 տարի ղեկավարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, չի ներկայացել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նշանակալի նիստին, որը նոյեմբերի 5-ին նախագահել է Պուտինը։
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, որի կազմում մտնում է նաև Լավրովը, Պուտինը ներկներին հանձնարարել է քննարկել միջուկային փորձարկումները վերսկսելու առաջարկները, որոնք Ռուսաստանը վերջին անգամ անցկացրել է 1990 թվականին։ Լավրովը «համաձայնեցված բացակայել է» խորհրդակցությունից, հայտնել է «Կոմերսանտի» աղբյուրը։ Արտգործնախարարը Անվտանգության խորհրդի միակ մշտական անդամն էր, որը բաց է թողել նշանակալի հանդիպումը։
Միաժամանակ, Լավրովը կորցրել է G20 գագաթնաժողովում ռուսական պատվիրակության ղեկավարի կարգավիճակը։ Այս տարի այն կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, հինգշաբթի օրը հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ Օրեշկինին նշանակելու որոշումն ընդունել է Պուտինը։
Նախագահն ինքը կրկին որոշել է չմասնակցել G20 գագաթնաժողովին, որը այս տարի կանցկացվի Հարավային Աֆրիկայում՝ մի երկրում, որը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը և պարտավորվել է ձերբակալել Պուտինին Միջազգային քրեական դատարանի հրամանագրի հիման վրա։
2025 թվականին, Միջազգային քրեական դատարանի օրդերի պատճառով, Պուտինը որոշել է չթռչել Բրազիլիա՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Իսկ 2022 թվականին նա բաց թողեց Բալիում անցկացվելիք G20 գագաթնաժողովը։ Երկու դեպքում էլ Լավրովը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը։
Ռուսական դիվանագիտության վետերան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախկին մշտական ներկայացուցիչ Լավրովը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ, որի ընթացքում նա պետք է քննարկեր Բուդապեշտում անցկացվելիք Պուտինի և Թրամփի գագաթնաժողովի պայմանները։ Սակայն Ռուբիոն Թրամփին խորհուրդ է տվել չեղարկել հանդիպումը, իսկ գագաթնաժողովի խափանմանը հաջորդեցին ԱՄՆ պատժամիջոցները. Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին անգամ «Роснефт»-ի և «Лукойл»-ի նկատմամբ։
Reuters գործակալության աղբյուրները նշել են, որ պատճառը Կրեմլի անզիջում դիրքորոշումն էր, որը «չափազանց շատ բան էր ուզում» և մերժում էր Ուկրաինայում հրադադարը։
Ռուբիոյի հետ ձախողված զրույցից հետո Լավրովն ինքը կրկին խոսել է Կիևի «նացիստական ռեժիմի» մասին և պահանջել կարգավորել «հակամարտության արմատական պատճառները»։ Անհապաղ հրադադարի արդյունքում Ուկրաինայի մեծ մասը «կմնա նացիստական ռեժիմի վերահսկողության տակ», իսկ Արևմուտքը կրկին «կհագեցնի» Ուկրաինայի զինված ուժերը զենքով՝ «ահաբեկչական գործողությունների համար՝ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների տեսքով», պնդել է Լավրովը։



