Հայաստանը կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ հարա...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առկա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները երկկողմանիորեն պարտավորեցնող են, եւ ես հույս ունեմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցության բարի ավանդույթները՝ ի շահ Հայաստանի եւ ԱՄԷ բարեկամ ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է ԱՄԷ-ի հետ իր բարեկամական կապերը զարգացնել եւ ամրապնդել, ինչպես նաեւ ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա Հակոբ Արշակյանին է փոխանցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմի ջերմ ողջույնները: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ Շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահետաքրքիր եւ մշակութային կենտրոններից է, որում պահպանվում է արաբական ավանդական ոգին: Նա խոսել է Շարժայի հայկական գաղութի մասին՝ ընդգծելով, որ մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ` այն ունի ինքնատիպ առանձնահատկություններ: Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու հարցում:

Հակոբ Արշակյանը խոսել է «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման մասին, որը տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Նա շեշտել է, որ խաղաղության հաստատումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանում: Անդրադառնալով Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այն Հայաստանի ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա:

Երկուստեք նշվել է, որ առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներին:

Այցի շրջանակում դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմին դասախոսությամբ հանդես է գալու Առաջնորդության դպրոցում: