Կոստանյանը Դոհայում ներկայացրել է Հայաստանի մ...

Դոհայում կայացած Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կոպենհագենի սոցիալական զարգացման հռչակագրի և դրա գործողությունների ծրագրի պարտավորությունների կատարման գործում առաջընթացի գնահատում և բացթողումների ու մարտահրավերների լուծում, ինչպես նաև Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացման խթանում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ իր խոսքում Վահան Կոստանյանն անդրադարձել է 1995թ. Կոպենհագենում կայացած Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողովին, որը հիմք է հանդիսացել աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության ապահովման և սոցիալական ինտեգրման խթանման համար։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը նշանակալի առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման, որակյալ, մատչելի և ներառական կրթության ու առողջապահության հասանելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է, որ Հայաստանը շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման, թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման ուղղությամբ՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և օրենքի գերակայությունը սոցիալական արդարության ու կայուն զարգացման առանցքային նախադրյալներն են։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող միջազգային կազմակերպություններին և զարգացման գործընկերներին՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել արդար և ներառական անցում դեպի կայուն ապագա։