Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը նոյեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության Խաղաղության և Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչները։
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ներկայումս առկա խնդիրներին և իրականացվող աշխատանքներին։
Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են փոխգործակցության մի շարք առանցքային ուղղություններ՝ ուղղված ընդհանուր նպատակների արդյունավետ իրագործմանը։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ՄԻՊ հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։



