ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ ճնշում են գործադրում Իսրայելի վրա, որպեսզի թույլ տա Գազայի հատվածի թունելներում՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից վերահսկվող տարածքներում հայտնված ՀԱՄԱՍ-ի մոտ 150 զինյալներին հեռանալ, հաղորդել է Financial Times (FT)-ը։
«Ճնշում է գործադրվում համաձայնության հասնելու համար։ Հարցը, հավանաբար, կլուծվի, բայց դեռեւս կրեատիվ լուծում չի ներկայացվել»,- մեջբերել է թերթը աղբյուրին։
«Այս զինյալների ճակատագիրը դարձել է հիմնական հարց իսրայելական զորքերի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բախումներից հետո, որոնք հոկտեմբերին սպառնալիքի տակ դրեցին հրադադարը Գազայում։ Աղբյուրի խոսքով՝ Իսրայելը մոտ էր նոյեմբերի սկզբին համաձայնության հասնելուն։ Քաղաքական նկատառումները խանգարեցին դրան. Իսրայելի վարչակազմի ծայրահեղ աջ թեւի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, բացահայտորեն դեմ էին համաձայնագրին»,- նշել է FT-ն։
Թերթի աղբյուրն ընդգծել է, որ «պատերազմի նպատակը ՀԱՄԱՍ-ին զինաթափելն է, եւ զինյալներին ազատորեն հեռանալ թույլ տալը կհակասի այդ նպատակներից մեկին»։
Մեկ օր առաջ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ հարցը քննարկել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ավելի ուշ Ուիթքոֆը նշել էր, որ հետագա զարգացումները «փորձարկում» կլինեն ՀԱՄԱՍ-ին զինաթափելու ապագա փորձերի համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է շարունակել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքը եւ զինյալներին Գազայի հատվածի՝ իր ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Իսրայելական գնահատականներով՝ Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող թունելներում ներկայում մնում են ՀԱՄԱՍ-ի 200 մարտիկներ։ Նրանք չեն կարողանում նահանջել այնտեղից, քանի որ չեն կարողանում դուրս գալ գետնի տակից, հակառակ դեպքում կնկատվեն իսրայելցի զինվորականների կողմից։



