«Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին խիստ կարևոր է»,- ասուլիսի ընթացքում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ COP29-ն ադրբեջանական միջոցառում չէ, ՄԱԿ-ի միջոցառում է, որտեղ քննարկվում են բնապահպանությանն առնչվող կարևորագույն խնդիրներ, ուշադրության ներքո են գտնվում մարդու իրավունքներին առնչվող հարցերը։
«ՄԱԿ-ի հարթակներից մեկուսանալը, այդ քննարկումներին չմասնակցելն ու Հայաստանի ձայնը լսելի չդարձնելը որևէ արդարացում չի կարող ունենալ միայն այն պատճառով, որ միջոցառումը հյուրընկալվում է Ադրբեջանում։
Չմոռանանք նաև, որ Հայաստանը քաղաքական առումով աջակցել է այս միջոցառման կայացմանն Ադրբեջանում։ Դրա համար այստեղ էլ որևէ բացատրություն չկա, թե ինչու պետք է բոյկոտել։ Այլ հարց է, որ մասնակցության արդյունավետության գործոն կարող ենք դիտարկել հայերին առնչվող խնդիրների բարձրաձայնումը»,- ասաց Ս.Սահակյանը։
Ըստ նրա, Հայաստանը, ներկա գտնվելով այս միջոցառմանը, պետք է օգնի, որպեսզի միջազգային հանրությունը լավ տեղեկանա իրադարձությունների, խախտումների վերաբերյալ և դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնի ավելի կոշտ արձագանքի հենց միջազգային հանրության կողմից։
«Սա կարևոր պլատֆորմ է ճիշտ աշխատանք տանելու համար»,- ասաց Ս.Սահակյանը։