Վրաստանը հայտարարել է, որ արտասահմանյան երկրն...

Արտաքին ուժերը, այսպես կոչված «խորքային պետության» (deep state) տեսքով, չեն դադարում Վրաստանում անկարգություններ և հեղափոխություն կազմակերպելու փորձեր կատարել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան Լիտվայում երիտասարդ ակտիվիստներ է պատրաստում ոստիկանության հետ դիմակայության համար։ Հավաքագրմանը մասնակցում են «Բրիտանա-վրացական ընկերություն» և «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» կազմակերպությունները։

«Այս երկրները, կոնկրետ կազմակերպությունները և մարդիկ, ովքեր ներկայացնում են խորը պետության գլոբալ պատերազմի կուսակցությունը, իհարկե, չեն հանգստանում և ցանկանում են ինչ-որ կերպ անկարգություններ և պետական հեղաշրջում առաջացնել երկրում», - ասել է Կալաձեն։

Ինչպես ընդգծել է քաղաքապետը, վերջին տարիներին Վրաստանում արտաքին ուժերի օգնությամբ հեղափոխություն կազմակերպելու մի քանի փորձ է արվել, սակայն ապարդյուն։ Նրա խոսքով՝ փորձը արդյունք չի տա նաև այս անգամ։ «Մեր համապատասխան ծառայությունները միշտ բարձունքի վրա են և բոլոր նման փորձերը, որոնք ներծծված են ռադիկալիզմով և ատելությամբ՝ միշտ պարտության են մատնվելու»,- հավելել է նա։

Անցյալ տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանը ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունները սկսել են վատանալ։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից մի քանիսը փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել։