
Այսօր ժամը 18:00-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով՝ ուղղված ժողովրդին։ Թե ինչ թեմայով է խոսելու, առայժմ հստակ չէ, սակայն դիտարկելով վերջին զարգացումները և հատկապես Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթղթի շուրջ ձևավորված տեղեկատվական ֆոնն, առկա են մի քանի հիմնական տարբերակներ։
Տարբերակ առաջին․ արտահերթ ընտրություններ
Հաշվի առնելով իշխանության ներսում և ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը՝ ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Փաշինյանը կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Վաշինգտոնյան փաստաթղթի շուրջ ստեղծված տեղեկատվական (դատարկ)էֆորիան իշխանությանը հնարավորություն է տալիս շտապել դեպի ընտրություններ՝ թույլ չտալով ընդդիմադիր ուժերին վերադասավորվել և օգտվել նոր քաղաքական հնարավորություններից։ Միաժամանակ այդ քայլը կարող է չեզոքացնել Սամվել Կարապետյանի նոր ստեղծվող դեռ ինսիտուցիոնալ տեսք չստացած թիմի հայտը։ Սա բոլորին փաստի առաջ կանգնեցնելու սցենարն է։
Տարբերակ երկրորդ․ սահմանադրական բարեփոխումներ
Մյուս տարբերակը կապված է Ադրբեջանի բացահայտ պահանջների հետ։ Փաշինյանը կարող է հայտարարել Սահմանադրության փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին՝ հիմնավորելով դա «խաղաղության հասնելու անհրաժեշտությամբ»։ Հիշեցնենք, որ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և ավելի վաղ նաև Ամիրբեկովը պնդել էին՝ Հայաստանի «տնային աշխատանքը» սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հիշատակումից հրաժարումն է։ Եթե այս ուղերձում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ազդարարի նման նախաձեռնության մասին, ապա դա կնշանակի ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական շրջադարձ Հայաստանի ապագայի համար։
Տարբերակ երրորդ․ Վաշինգտոնի փաստաթղթի «հաղթանակը»
Չի բացառվում, որ Փաշինյանը պարզապես փորձի կապիտալիզացնել Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։ Այդ դեպքում ուղերձը կկազմվի «պատմական հնարավորությունների» և «ապագայի հաղթանակի» մասին խոսքերով՝ փորձելով հանրության մեջ ձևավորել այն տպավորությունը, որ փաստաթուղթը ոչ թե զիջումների, այլ հաղթանակի ճանապարհային քարտեզ է։
Ամփոփելով արձանագրենք, որ Փաշինյանի ուղերձը կարող է լինել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգի մաս։ Սակայն բոլոր երեք սցենարներում էլ հստակ է մեկ բան․ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է պահել նախաձեռնությունը և իր ձեռքում պահել գործընթացների կառավարումը։
Բորիս Մուրազի
Politik.am խմբագիր