
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»` ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին:
«Գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ամիսներ առաջ մեզ ասել էր Աղազարյանը, որի հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին:
Հիշեցնենք նաեւ, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Երեկ տեղեկացանք, որ Աղազարյանն ավարտել է գիրքը, այն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում` հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում:
Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։
Գիրքը տպարան կուղարկվի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին էլ Աղազարյանը գրքի շնորհանդեսը կկազմակերպի»։