
«Իրականում այս 4-5 տարիներին, դրանից առաջ էլ շատ քաղաքական դատեր են եղել, բայց այն, ինչ սրբազանների հետ է կատարվում, իրավական-քաղաքականից այն կողմ կա եւս մեկ ահավոր բան՝ դա մեր համազգային ամոթն է։ Վերջերս ստիպված ենք ասել՝ 1937-ից հետո մենք քաղաքական պատճառներով սրբազանների չէինք տեսել ճաղավանդակում»,-Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ Միքայել սրբազանի խոսքից հասկանում ենք, որ ինքը շարունակում է մնալ ազատության մեջ՝ ի տարբերություն մեզ։ Մենք բոլորս այսօր բանտարկված ենք, հավելեց Գեղամ Մանուկյանը։ Նա անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությանն ու ստորագրված փաստաթղթերին։ «Կոչ կանեմ երբեք չկոչել վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ, դա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին՝ Սյունիքին։ Հրապարակված այն փաստաթուղթը, որը կա ՀՀ վարչապետի պաշտոնական էջում, դրա վերնագիրը եւ ստորագրված իրական փաստաթղթի վերնագիրն իրականում լրիվ տարբեր են»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում