Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործդիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Նարեկ Զուլալյանը, Արման Խաչատրյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատումը կատարել է «Գեոռիսկ» ՍՊԸ-ն, իսկ Դեբեդ գետի հիդրոլոգիական մոդելավորումը՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ն` ԱԶԲ ֆինանսավորմամբ։

Միջոցառման բացման խոսքում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ՀՀ ՏԿԵՆ-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում 2024 թվականին ջրհեղեղից տուժած ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչի հիմքում ճանապարհների դիմակայության բարձրացման հարցն է։ Ըստ փոխնախարարի՝ նշված հետազոտությունները կնպաստեն հետագայում ճանապարհային ենթակառուցվածքների դիմակայության բարձրացմանն ու կօգնեն կանխարգելել ռիսկերը։

ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և ԱԶԲ-ի միջև 20-ամյա համագործակցությունը։ Այս տարիների ընթացքում նշանակալի աշխատանքներ են տարվել տրասպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Ըստ նրա՝ նշված հետազոտության արդյունքները կունենան նպատակային օգտագործում՝ նախագծային աշխատանքների իրականացնելիս և հետագա շինարարության ընթացքում։

Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանի տեղեկացմամբ՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքները կօգտագործվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման, ինչպես նաև գետի վարարման դեպքում հնարավոր փլուզման ռիսկային գոտիների բարելավման աշխատանքներում։ Ուսումնասիրությունը փոխանցվել է նաև նախագծող ընկերությանը, որն այժմ իրականացնում է հեղեղումների հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհի վնասված տեղամասերի վերականգնման նախագծային աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում «Գեոռիսկ» և «Գեոինֆո» ՍՊԸ-ների մասնագետները մանրամասն ներկայացրել են կատարված հետազոտությունները, որոնց շնորհիվ բացահայտվել ու գնահատվել են համապատասխան կլիմակայական, երկրաբանական և հիդրոլոգիական վտանգների ռիսկերը (քարաթափում, սողանք, հեղեղում և այլն) տրանսպորտային ենթակառուցվածքների համար։

Հետազոտությունները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների քննարկում։ Ուսումնասիրություններն իրականացրած մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին։