Հայաստանի բանկերի կապիտալը 2024-ին հիմնական ց...

Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականին աշխատել է շահույթով:

Այս մասին փետրվարի 25-ին կայացած ասուլիսում հայտարարեց և վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը: 

Բանախոսը փաստեց, որ Հայաստանի 18 բանկերի (դրանցից երկուսը՝ Արդշինբանկը և Արդշինինվեստը ժամանակավորապես աշխատում են մեկ բանկի սկզբունքով) ընդհանուր ակտիվները 2024 թվականի վերջին կազմել են 11 տրլն դրամ: Ընդ որում, վարկերն ու ավանդները ունեցել են գրեթե հավասար ծավալներ՝ մոտ 6.4 տրլն դրամ:

Նախորդ տարի Հայաստանում գործող բանկերի կապիտալը հիմնական ցուցանիշների մասով (վարկային պորտֆել, վարկեր, ավանդներ, ներգրավված միջոցներ) աճել է մոտ 24-25 տոկոսով: Բանկերի ընդհանուր կապիտալը 2024-ի ընթացքում աճել է շուրջ 20 տոկոսով կամ 300 մլրդ դրամով՝ կազմելով 1.8 տրլն դրամ: 

Նշվեց նաև, որ բանկերի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է մոտ 1.2 տրլն դրամով՝ հասնելով 6.4 տրլն դրամի: Ընդհանուր պարտավորություններն աճել են 1.5 տրլն դրամով, իսկ ավանդներ՝ 780 մլրդ դրամով՝ կազմելով 6.4 տրլն դրամ: 

Նախորդ տարի տրամադրված 6.4 տրլն դրամի վարկերի 22.8 տոկոսը եղել են սպառողական, իսկ 22.4 տոկոսը (1.4 տրլն դրամ)՝ հիփոթեքային վարկեր: Ընդհանուր առմամբ, բանկերի վարկային պորտֆելի շուրջ 45 տոկոսը ֆիզիկական անձանց տրամադրված սպառողական և հիփոթեքային վարկերն են: Իրավաբանական անձանց, այսինքն՝ իրական տնտեսությանը հատկացվել է վարկերի 44 տոկոսը, իսկ գյուղատնտեսական և այլ վարկերը կազմել են 5 տոկոս: Մնացած 6 տոկոսը ֆինանսական կազմակերպությունների՝ միմյանց տրամադրած վարկերն են:

Դանիել Ազատյանը գտնում է, որ սպառողական վարկերի աճը պայմանավորված է ֆիզիկական անձանց եկամուտների աճով: Նա իր գնահատականը հիմնավորում է այն հանգամանքով, որ բանկերը սպառողական վարկեր են տրամադրում այսպես կոչված միավորներով համակարգի հաշվարկների հիման վրա: Իսկ հիփոթեքային վարկերի աճը, ըստ ՀԲՄ նախագահի, պայմանավորված է հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նկատված աշխուժությամբ՝ կապված Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակման հետ: