Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից կհատկացվի 37 մլրդ 352 մլն դրամ, ինչը 10 մլրդ 157 մլն դրամով պակաս է 2025 թվականի հատկացումից:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այստեղ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ, ռազմաարդյունաբերության համակարգի զարգացում, հեռահաղորդակցության ապահովում և թվային փոխակերպման գործընթացի իրականացում»,- նշեց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:



