Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է երկու գործակալությունների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Նա հավելել է, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը։

«Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ ձևավորված գործընկերությունը, որը հիմնված է կայունության, նորարարության և փոխադարձ բարեկեցության արժեքների վրա։ Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կբացի նոր հեռանկարներ գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և տարածաշրջանային կապերի ոլորտներում։ Միասին կարող ենք կառուցել ավելի մրցունակ, կայուն և առաջադեմ գյուղատնտեսական ոլորտ»,- ամփոփել է նախարարը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։