ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայ...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տասներորդ համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի երկրներում դժվարամատչելի, հեռավոր և գյուղական բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր։ Վլադիմիր Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ապրող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
 
Համաժողովի ընթացքում Շրի Լանկայի մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը միացել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
 
Համաժողովի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունն ինչպես դաշինքի, այնպես էլ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և խթանման նպատակով։
 
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Պաշտպանի ներկայացուցիչները մասնակցել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ՝ Օմբուդսմանների լավագույն փորձառություններով փոխանակում» իններորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին, որին քննարկվել են հասարակության թվայնացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր։