Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները. «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են»,- նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ այդ առումով ընդգծելով Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման փաստը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետևողական աջակցություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, ԵՄ-ի հետ այլ ուղղություններով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:



