Հայաստանում 2025 թվականի հունվար-սեպտեմբերին...

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.6 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների հերթական ամփոփագրում: 

Սեպտեմբերին այն 9.8 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 10.5 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 5.7 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 տրլն 55 մլրդ 912.9 մլն դրամ։ Ընդ որում, սեպտեմբերին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 5.1 տոկոսով՝ գնահատվելով 285 մլրդ 351.5 մլն դրամ։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 10.1 տոկոսով։ 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբերին 6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 686 մլրդ 552.8 մլն դրամ:

2025 թվականի հունվար- սեպտեմբերին շինարարության ծավալը 20.7 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 462 մլրդ 162 մլն դրամ։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, գրանցվել է 6.7 տոկոսի աճ։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը 22 տոկոս է։ Այս տարվա սեպտեմբերին իրականացվել է 87 մլրդ 308.9 մլն դրամի շինարարություն։

Առևտրի շրջանառությունը հունվար- սեպտեմբերին 3.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հասնելով 4 տրլն 724 մլրդ 122.4 մլն դրամի։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 583 մլրդ 502.8 մլն դրամ: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.9 տոկոսի աճ:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա հունվար- սեպտեմբերին 9.9 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 949 մլրդ 405.1 մլն դրամ։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, նվազել է 2 տոկոսով՝ կազմելով 352 մլրդ 916.8 մլն դրամ։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 7.9 տոկոսի աճ։

2025 թվականի հունվար- սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը 3.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 0.3, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3.7 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը այս տարվա հունվար- սեպտեմբերին 3.1 տոկոսով բարձր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 0.7, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 5.9 տոկոսով։

Այս տարվա առաջին 9 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 4.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտադրվել է 6 մլրդ 716.4 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, արտադրությունը նվազել է 10.5 տոկոսով՝ 764.5 մլն կՎտ.ժամ։ Դա 13.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը:

Ներկայացված ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝ 667.9, մայիս՝ 634.2, հունիս՝ 605.6, հուլիս՝ 700.4, օգոստոս՝ 755.5, սեպտեմբեր՝ 675.2) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել: