Ալեն Սիմոնյանը «ապտակել» է Նիկոլ Փաշինյանին

Հովհաննավանքի կիրակնօրյա կեղծ պատարագը Նիկոլ Փաշինյանի համար իրական ֆիասկո էր։ Խնդիրը միայն այն չէր, որ տասը օր շարունակ պետական ամբողջ ապարատը լծվել էր մարդ հավաքելու գործին, բայց արդյունքում կարողացան վանքի տարածքում հավաքել ոչ ավել քան երկու հազար մարդ, որոնց զգալի մասը քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ էին։

Փաշինյանի համար դա ֆիասկո էր առաջին հերթին այն պատճառով, որ իր շնորհիվ խորհրդարան անցած՝ իրենց իսկ բնորոշմամբ «ուսապարկերի» խմբակցությունից քչերն էին եկել Հովհաննավանք։

ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հատկապես ծանր է տարել Ալեն Սիմոնյանի չգնալը և՝ առավել ևս, չգնալուց առաջ դրա մասին հրապարակային հայտարարելը․ «Ես չեմ մասնակցելու, ես տենց պլաններ չունեմ։ Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետն է գնում, ես էլ եմ գնում»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՔՊ-ականները ասում են, որ սա քաղաքական ապտակ էր Նիկոլ Փաշինյանին։ Սիմոնյանի այս հայտարարությունը հնարավորություն է տվել շատ ՔՊ-ականների առանց բացատրության պարզապես չմասնակցել։

Կարծիք կա, որ Փաշինյանը չի ներելու այս «ապտակը» և առաջիկայում Ալեն Սիմոնյանի ուղղությամբ կլինեն որոշումներ։ Եթե անգամ նրան չհեռացնեն ԱԺ խոսնակի պաշտոնից, ապա հաստատ ՔՊ նախընտրական ցուցակում դա կարտացոլվի․ Ալեն Սիմոնյանը անգամ առաջին տասնյակում չի հայտնվի։