Մենք պետք է իրավական գնահատականը տարբերենք քա...

Որոշ դեպքում կան իրավասություններ ունեցող մարմինների կողմից առերևույթ հանցագործության տարրեր պարունակող իրադրության մասին ներկայացված հրապարակումներ, որոնց անդրադարձել է ՀՀ գործադիր իշխանությունը, ինչը միանգամայն տրամաբանական է և այս պարագայում որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվում։        

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից իրականացված ձերբակալություններին, և առաջարկեց մի պահ կտրվել հայաստանյան իրականությունից ու դիտարկել ամենաժողովրդավարական երկրներում տիրող իրավիճակը։  

«Երբ լինում են նմանօրինակ քրեական գործեր և նման բացահայտումներ, ապա բոլոր երկրներում տեղի են ունենում քաղաքական քննարկումներ։ Մենք պետք է իրավական գնահատականը տարբերենք քաղաքական գնահատականից։ Իրավական գնահատականի հետ քաղաքական մարմինը և քաղաքական ներկայացուցիչը գործ չունի։ Բայց երբ տվյալները համապատասխան մարմինները հրապարակում են, չկա մի երկիր, որ դրանից հետո սուս ու փուս նստի և սպասի, թե դատարանն ինչ կորոշի»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հիշեցրեց, որ ամեն օր միջազգային առաջադեմ մամուլում վերոհիշյալ թեմաներով հրապարակվում են բազմաթիվ նյութեր՝ համապատասխան գնահատականներով, տեղեկություններով, վարկածներով ու մեկնաբանություններով։  

«Մենք ու՞մ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Որոշ մարդկանց առաջադրվել է կոնկրետ մեղադրանք այն մարմնի կողմից, որն ունի նման մեղադրանք առաջադրելու իրավունք։ Քաղաքացին առնչվում է այդ մեղադրանքին։ Նա ի՞նչ հիմքով պետք է ասի, որ քննչական մարմինը ստում է։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, որին, ինչպես նաև մյուս մեղադրանքներին տրվում է քաղաքական գնահատական, մինչդեռ քննչական մարմինը հրապարակել է իր կողմից ձեռք բերված այն տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին»,- պարզաբանեց վարչապետը։  

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում նույնպես պետք է ձևավորվի այն մշակույթը, որի համաձայն՝ հանրային տիրույթում գնահատականները պետք է լինեն առավելագույն չափով փաստահեն։