Քաղաքապետարանի պաշտոնյային կաշառք տալու համար...

Կաշառքի գործով կալանավորված քաղաքապետարանի պաշտոնյայի կալանքը փոփոխվել է 55 մլն դրամ գրավով ու տնային կալանքով։ Այս որոշման համար փաստաբան Էրիկ Ալեքսանյանը որոշումը որակել է օբյեկտիվ ու  շնորհակալություն է հայտնել դատավոր Մերի Մոսինյանին։

«Դատավոր Մերի Մոսինյանը 10 դրվագ կաշառք տալու մեղադրանքով երկու ամիս անց պաշտպանյալիս նկատմամբ կիրառված կալանքը փոփոխեց տնային կալանք և 55մլն ՀՀ դրամ գրավ այլընտրանքային խափանման միջոցներով։ Խոսքը վերաբերում է վերջերս Երևանի քաղաքապետարանի աղմկահարույց գործին»,-գրել է փաստաբանը։

Վերջին աղմկահարույց  ձերբակալությունները քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցան մայիսի 15-ին։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակիցներ։

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ մեղադրվող 13 անձանց, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2024-2025 թվականներին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող սուպերմարկետների, հյուրանոցային համալիրների, ինչպես նաև տարբեր խանութների, գազալցակայանների, հանրային սննդի կետի և մի շարք այլ շինությունների վրա ապօրինի փակցված գովազդային վահանակների առկայության մասին, դրանք չապամոնտաժելու և իրավախախտումները չարձանագրելու համար հիշյալ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից մի շարք անձանց օժանդակությամբ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանում հյուրանոցային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ՝ աշխատելու թույլտվության (լիցենզիայի) բացակայության և սահմանված պետական տուրքը համայնքապետարանին վճարված չլինելու մասին, 2024 թվականի դեկտեմբերի 27-ին նրանից պահանջել և ստացել է կաշառք՝ իրավախախտումը չարձանագրելու և ԱՁ-ի աշխատանքներին չխոչընդոտելու համար: Պաշտոնատար անձանց՝ վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով համայնքապետարանի բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 2 մլն ՀՀ դրամ:

Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 13 անձի, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներին: