Հեռու մնացեք․ Սամվել Կարապետյանը մերժում է Սե...

Հայազգի անվանի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի քաղաքական դաշտում հայտնվելը աշխուժացրել է բոլոր «քաղաքական խոպանչիներին», ովքեր հույս ունեն ֆինանսական օգուտ քաղել Կարապետյանի հնարավոր քաղաքական ներգրավվածությունից, այնպես էլ այն անձանց, ովքեր թեև հայտնի անուններ ունեն, սակայն հանրության շրջանում ընկալվում են բացասաբար։ Առաջիններն, իբրև վարձկաններ, պատրաստ են ամեն ինչի՝ մի քանի կոպեկի դիմաց։ Երկրորդներն ավելի հիշեցնում են պարազիտների, որոնք գոյատևում են բացառապես ուրիշ մարմնի հաշվին։ Նշենք, որ քաղաքական խոպանչիներն իրական վտանգ չեն ներկայացնում. նրանցից ազատվելը հեշտ է՝ ինչպես արագ հայտնվում են, այնպես էլ կարող են անհետանալ՝ քիչ ծախսով։ Իսկ ահա իսկական վտանգը գալիս է քաղաքական պարազիտներից, որոնք համառորեն փորձում են ասոցացվել գործընթացի իրական դերակատարների հետ՝ խեղաթյուրելով պատկերն ու հանրային ընկալումը։ Վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ է դարձել, որ ժողովրդի կողմից դեռ 2018 թվականին մերժված, իսկ 2018-ի դեկտեմբերին ու 2021-ի հունիսին այդ մերժումը վերագտած Սերժ Սարգսյանի շրջապատն ակտիվորեն փորձում է կապվել Սամվել Կարապետյանի անվան հետ։ Նրանք ելույթներ են ունենում տարբեր մեդիահարթակներում, հարցազրույցներ են տալիս՝ պնդելով, թե պատրաստ են համագործակցել Կարապետյանի հետ, և հիշեցնում իբր գոյություն ունեցած ջերմ հարաբերությունները։ Ստեղծվում է այն տպավորությունը, որ Սերժ Սարգսյանն ունի հստակ նպատակ՝ իր շուրջ ձևավորված բացասական ընկալումը փոխանցել Սամվել Կարապետյանին՝ վերջինիս վարկանիշն օգտագործելով սեփական քաղաքական դաշտ վերադառնալու համար։ Իրականում դա ավելի խորամանկ մարտավարություն է՝ մի կողմից թուլացնել Կարապետյանի անկախությունն ու վստահությունը հասարակության աչքում, մյուս կողմից՝ վերակենդանացնել իր մոռացված դերակատարությունը։ Սակայն Սամվել Կարապետյանն, ըստ երևույթին, լիովին գիտակցում է այս խաղի կանոնները։ Բանտից նրա վերջին ուղերձը՝ խորապես քաղաքական և ռազմավարական բովանդակությամբ, նման էր վերջնական նախազգուշացման։ Ուղերձում հստակ ընդգծվում էր. «Իմ հաշվին իրենց խաղը խաղալ ցանկացողները թող հույսները կտրեն։ Ես իմ խաղն եմ խաղալու՝ առանց միջնորդների և քաղաքական ճահիճի խորհրդատուների։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության դեմ պայքար մղած ուժերին ու գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել ժողովրդին՝ արդար և մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և այլ արհեստական բաժանումները, որոնք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»։ Այս հայտարարության առանցքային ուղերձներն են՝ «մեր պատկերացումն ունենք», «գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով»։ Հենց այս ձևակերպումներին պետք է ուշադրություն դարձնել, եթե ցանկանում եք հասկանալ Կարապետյանի հայտարարության հիմնական ուղերձը։ Մնացած ձևակերպումներն այս գաղափարների փաթեթավորումն էին՝ հստակ նշելով, որ Կարապետյանի քաղաքական կողմնորոշումը չի ենթարկվելու հին համակարգերի ազդեցությանը։ Դա նաև ուղերձ էր բոլոր նրանց, ովքեր ձգտում են իրենց կապել Կարապետյանի անվան հետ կամ ժողովրդի խոսքով ասած՝ Կարապետյանի չվանին ուզում են իրենց ցախը դնել։ Այստեղ խոսքը առաջին հերթին Սերժ Սարգսյանի մասին է։ Մնում է հուսալ, որ Սամվել Կարապետյանի շատ հստակ ուղերձը քաղաքական բոլոր շրջանակները (առաջին հերթին Սերժ Սարգսյանը) կընկալեն ու չեն փորձի «անպոչ գդալի նման մեջ ընկնել»։ Իսկ եթե շարունակեն մեջ ընկնել, ապա քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հարգարժան Սամվել Կարապետյանը արդեն անվանական պետք է դիմի այդ ուժերին ու գործիչներին, որպեսզի հեռու մնան իր գլխավորությամբ առաջ տարվելիք գործընթացից։