Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել...

Համացանցում հայտնվել են Իսրայելի՝  Դամասկոսում Սիրիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի համալիրին հարվածի կադրերը: Դրանք ցուցադրվել են ուղիղ եթերի ժամանակ: Ըստ հայտարարության՝ հարձակման թիրախը համալիրի մուտքն էր։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր «ցավոտ հարվածներով».

«Դամասկոսին ուղղված ազդանշաններն ավարտվել են, հիմա ցավոտ հարվածների ժամանակն է։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ գործողություններն Աս-Սուվեյդայում՝ դրուզների վրա հարձակված ուժերին ոչնչացնելու համար, մինչև նրանք լիովին նահանջեն։ Մեր դրո՛ւզ եղբայրներ Իսրայելում, կարող եք հույս դնել Իսրայելի պաշտպանության բանակի վրա՝ Սիրիայում ձեր եղբայրներին պաշտպանելու համար: Վարչապետ Նեթանյահուն և ես՝ որպես պաշտպանության նախարար, պարտավորություն ենք ստանձնել, և մենք այն կկատարենք», - ասել է Կացը:

Հարձակումը կատարվել է Սիրիայի հարավում իրավիճակի սրման լույսի ներքո. այնտեղ բախումներ են տեղի ունենում տեղացի փոքրամասնության՝ դրուզների մասնակցությամբ, որոնց պաշտպանում է Իսրայելը։

Նշենք, որ Սիրիայի հարավում կառավարական ուժերի և տեղի փոքրամասնության՝ դրուզ աշխարհազորայինների միջև մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին. այս մասին հայտնում է  Bild-ը։

Կատաղի մարտերը բռնկվել են Սիրիայի բանակի և դրուզների ուժերի միջև: Պատճառը, ականատեսների վկայությամբ, նոր իշխանություններին աջակցող տեղացի բեդվինների և Սիրիայի հարավում գտնվող մի երիտասարդ դրուզի միջև կոնֆլիկտն էր: Ավելի ուշ տարածաշրջան են տեղափոխվել կանոնավոր զորքեր, և այնտեղ սկսվել են լայնածավալ մարտեր:

Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին Աս-Սուվեյդա նահանգում սպանվել է ավելի քան 200 մարդ։ Բանակի գլխավոր նպատակը երկրի հարավի վերահսկողությունը ստանձնելն է, որտեղ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո իշխանությունը գործնականում անցել է տեղական աշխարհազորայիններին։

Համացանցում շրջանառվում են գերի վերցված դրուզների նկատմամբ բռնության տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են սիրիացի զինվորները սափրում բեղերը, որը նրանց մշակույթի կարևոր կրոնական խորհրդանիշ է: Հատկանշական է, որ արմատական իսլամիստները, որոնք նախկինում մեղադրվել են քրիստոնյաների և ալավիների կոտորածի համար, ներգրավված են սիրիական բանակում:

Ստեղծված իրավիճակում Իսրայելը հարձակվել է Աս-Սուվեյդայում գտնվող սիրիական բանակի դիրքերի վրա՝ դրուզ համայնքին աջակցելու համար: