Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Բիշքեկ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Բիշքեկ։ Այս մասին նախարարը հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժենբեկ Կուլուբաևի հետ հունվարի 23-ին Երևանում կայացած հանդիպումից հետո։

Միրզոյանն ասաց, որ ընդունել է իր գործընկերոջ հրավերը և ուրախ կլինի շուտով այցելել Ղրղզստան։ Նախատեսվում են բարձր մակարդակի այցեր կազմակերպել, ասաց նախարարը։

Ողջունելով իր գործընկերոջ այցը՝ Միրզոյանը նշել է երկկողմ օրակարգը քննարկելու և դրա խորացման ուղիները նախանշելու, աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու հիանալի հնարավորություն։

Միրզոյանի խոսքով՝ Երևանի և Բիշքեկի միջև քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է։

Միրզոյանը խոստովանեց, որ տնտեսական համագործակցության ներուժը բազմապատիկ ավելի մեծ է, քան իրական ձեռքբերումները։ Նրա խոսքով, տնտեսական կապերը խորացնելու և ընդլայնելու ծրագրեր կան, հատկապես, որ Ղրղզստանի դեպքում կողմերը սովորելու բան ունեն, վերջին տարիների հաջողությունները շատ տպավորիչ են։ Հայաստանն, իր հերթին, պատրաստ է կիսվել ՏՏ ոլորտում ունեցած հաջողություններով։

«Նոր լոգիստիկ ծրագրերը կարող են էական դեր խաղալ։ Ե՛վ Ղրղզստանը, և՛ Հայաստանը, և՛ ողջ աշխարհը ջանքեր են գործադրում խոշոր լոգիստիկ ցանցերի մաս դառնալու համար։ Այս առումով կարևոր է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը ես ներկայացրել եմ իմ գործընկերոջը, և հուսով ենք, որ այս և այլ ծրագրեր կիրականացվեն՝ նոր հնարավորություններ ընձեռելով հասարակ մարդկանց և բիզնեսի համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։ Նա հայտնել է, որ ղրղզական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Թումո կենտրոնի նկատմամբ։

Նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև տարածաշրջանի վերջին զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իր հերթին, Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են իր երկրի համար։ Այդ հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամական կապերի վրա։ Նախարարը նշել է կառուցողական քաղաքական երկխոսությունը և իրավական դաշտի առկայությունը։ Նրա խոսքով, ներուժն ավելի լավ օգտագործելու համար անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը։ Վերջին տարիներին երկրները ցուցաբերել են տնտեսական աճ, և նախարարները պայմանավորվել են աջակցություն ցուցաբերել բիզնեսին և տարբեր միջոցառումներ անցկացնել բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախարարի խոսքով՝ բազմակողմ համագործակցությունը կարող է զարգանալ նաև տարբեր կազմակերպությունների շրջանակներում։ Տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով Բիշքեկում նախատեսվում են մի շարք միջոցառումներ կառավարության մակարդակով։