Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Ինչպես տեղեկացնում է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը՝ շեշտելով կապույտ և կանաչ գոտիների կազմակերպման ենթակառուցվածքային ապահովումը, մասնակցող երկրների պատվիրակությունների ընդունելության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված քայլերը, ինչպես նաև միջոցառման արդյունավետ կազմակերպման համար ներդրվող նորարարական մոտեցումները։
COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ներկայացնում՝ միջազգային հարթակում առավել ընդգծելու երկրի դերը բնապահպանական գլոբալ նախաձեռնություններում և ներկայացնելու Հայաստանի ջանքերն ու առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կայունության և «կանաչ» տնտեսության զարգացման ուղղություններով։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը խոշոր միջազգային բնապահպանական ֆորումերում, ներկայացրել Բրազիլիայում կայանալիք COP30-ին մասնակցության նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև ընդգծել նման միջոցառումների կարևորությունը գիտելիքների փոխանակման, գործընկերային ցանցերի ընդլայնման և արդյունավետ միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառտնկման և անտառվերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերը, դիտարկվել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական թափոնների անվտանգ կառավարման թեմային՝ դիտարկելով այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականության զարգացումները և միջազգային փորձի կիրառման հեռանկարները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու սերտ համագործակցությունը և ընդլայնելու բնապահպանական նոր ծրագրերի և աջակցության նախաձեռնությունների շրջանակը։



