Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ միջոցառումը կրում էր «Կատարենք ներդրում հիմա ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը։
Իր միանշանակ աջակցությունն արտահայտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղի գործունեությանը՝ ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է վերջինիս նվիրատուների անսասան հանձնառությունը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ «մենք ենք կերտում մեր ապագան մեր ներդրումներով, տեսլականով և գործողություններով»։
Երեկոյի հիմնական բանախոսն է եղել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ և ՀԲԸՄ փոխնախագահ Երվանդ Զորյանը:
Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ է ներկայացրել կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։
Ընթացիկ նախագծերի թվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում բնակելի թաղամասի կառուցումը հաշմանդամություն ունեցող 8 զինվորների և նրանց ընտանիքների համար:



