Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ բոլոր թոշակառուներին թոշակը տրամադրվի բացառապես անկանխիկ եղանակով:
Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում նկատեց, որ այժմ 75 տարեկանից բարձր անձինք թոշակը ստանում են կանխիկ եղանակով:
«2 շաբաթ ժամանակ. բոլոր թոշակառուները թոշակը պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով: Հունվարի 1-ից թղթե փող չշարժվի թոշակների դեպքում: Առանց բացառության բոլորը ստանան միայն էլեկտրոնային եղանակով»,-նշեց Փաշինյանը:
Նա նկատեց՝ եթե թոշակառուն չի կարողանում տնից դուրս գալ, գնալ խանութ, ապա ավելի լավ կլինի անկանխիկի դեպքում. եթե մինչև այդ գումարն էր տալիս ինչ-որ մեկին, որ իր համար առևտուր անեն, ապա հիմա քարտը պետք է տա, արդյունքում էլ անկանխիկ առևտրից հետվճար կստանա:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց՝ հանդիպել է 103 տարեկան մի տատիկի, որը տեղաշարժման խնդիր ունի: «Խնդրելու ենք բանկերին, որ այն տարեց անձինք, որոնք չեն կարողանալու մոտենալ բանկ՝ քարտ ստանալու համար, բանկերը մոտենան իրենց»,-ասաց մարզպետը:



