Axios-ը գրում է, որ Ուկրաինական ճգնաժամը նշանակում է, որ հացի գները մինչեւ երկինք կհասնեն աշխարհի ամենաաղքատ եւ առավել անկայուն երկրներում, ինչը կարող է անկայունության ցիկլ հրահրել։
Ցորենի գներն բարձրացել են մինչեւ ռեկորդային 12,94 դոլար մեկ բուշելի դիմաց եւ վերջին ամսվա ընթացքում աճել են 70 տոկոսով, ինչն ապշեցուցիչ է:
Պատմության ընթացքում հացի գների աճը, հիշենք Ֆրանսիական եւ Ռուսական հեղափոխությունները, եղել է անկայունության եւ բռնության հիմնական աղբյուր:
Բոլորովին վերջերս սննդամթերքների, այդ թվում՝ ցորենի գների աճը, նշվում է որպես անկայունության ալիքի հիմնական գործոն, որը հայտնի է որպես «արաբական գարուն», այն 2011-ից տարածվել է Մերձավոր Արեւելքում:
Ռուսաստանն ու Ուկրաինան ցորենի աշխարհի գերտերություններ են։ Ռուսաստանը արտադրում է համաշխարհային ցորենի 11 տոկոսը եւ դրա ամենամեծ արտահանողն է հանդիսանում։ Երկու երկրները միասին արտահանում են համաշխարհային մատակարարումների ավելի քան մեկ քառորդը։
Ընդ որում՝ ռուսական եւ ուկրաինական ցորենը էժան է։ Նրանք այն վաճառում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մի քանիսում:
Եգիպտոսը, որն աշխարհում ցորենի խոշորագույն ներկրողն է, ցորենի մոտ 60 տոկոսը ստանում է Ռուսաստանից, իսկ 25 տոկոսը՝ Ուկրաինայից։
Եթովպիան նույնպեսս վերջին տարիներին դարձել է խոշոր ներկրող, քանի որ պատերազմը խաթարել է գյուղատնտեսությունը: Կառավարությունը ցորենը մեծաքանակ էր գնում՝ բնակչությանը սուբսիդավորվող սննդամթերքով ապահովելու համար։ Բայց հիմա «կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ գնել այնքան ցորեն, որպեսզի բավարարի ներքին պահանջարկը»,- անցյալ ամիս գրել են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության վերլուծաբանները:
Գների աճը ստիպել է Լիբանանին կրճատել սուբսիդիաները, որպեսզի թույլ չտա ազգային արժույթով պաշարների այրումը: «Սա կարող է խորացնել Լիբանանի սոցիալական խնդիրները», քանի որ, Fitch Ratings-ի վերլուծաբանների կարծիքով, երկիրը պահուստում ընդամենը մեկ ամսվա ցորենի պաշար ունի: