«Եվրոպան սխալ ազդանշան է ուղարկում». Իսրայելի...

«Եվրոպան սխալ ազդանշան է ուղարկում, որն ամրապնդում է ՀԱՄԱՍ-ը և արմատական ​​դաշինքը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է սահմանափակել համագործակցությունը Թել Ավիվի հետ և կասեցնել ասոցացման համաձայնագիրը։

Գեդեոն Սաարը ափսոսանք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարի մեկնաբանությունների համար և նշել է, որ «գործընկերների միջև նման վարքագիծն անընդունելի է»։ «Բացի այդ, Ֆոն դեր Լայենի որոշ խոսքեր «կրում են ՀԱՄԱՍ-ի և նրա գործընկերների կեղծ քարոզչության արձագանքները»,- ասել է Սաարը։

«Եվրամիությունում իրավիճակի մասին» ամենամյա ուղերձում Ֆոն դեր Լայենը դատապարտել է Գազայում «արհեստական սովը» և Իսրայելի «ակնհայտ փորձը»՝ խափանելու «երկու պետության մասին որոշումը»:

Այս տարվա սկզբին ԵՄ-ն որոշել է վերանայել Իսրայելի հետ իր գործընկերությունը, որը սկսվել էր 1995 թվականին (ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագիր)՝ ի պատասխան Գազայում շարունակվող մարտական ​​գործողությունների։ Սակայն ԵՄ անդամ պետությունների միջև խոր տարաձայնությունների պատճառով մինչ օրս չի հաջողվում համաձայնության գալ այդ հարցում։