Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեն (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահը, շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով, հույս է հայտնել, որ վերջինիս գործունեությունը կնպաստի Հայաստան-Բուրունդի հարաբերությունների սերտացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Դեսպան Նդաբաշինզեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել իր երկիրը և իր ջանքերը կներդնի համագործակցության ակտիվացման համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է հատկապես աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետևողականորեն ակտիվացնում է քայլերը այս ուղղությամբ՝ քաղաքական խորհրդակցությունների և այլ ձևաչափերով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, կրթության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես կրթական տարբեր հարթակներում և կենտրոններում փոխգործակցության ձևաչափերին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և զարգացումների շուրջ։ Քննարկվել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների COP-17 համաժողովի նախապատրաստական ընթացքը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է, որ բնակլիմայական փոփոխությունների և մարդու գործունեությունից բխող մարտահրավերներին արդյունավետորեն դիմագրավելու համար անհրաժեշտ է համաշխարհային մակարդակով համատեղ ջանքերի համախմբում։