Չենք կարող դիտորդական առաքելություն ուղարկել...

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվելու է ՏԻՄ ընտրություն, որին հետևելու համար իշխանությունները հրավիրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին: Սակայն նրանք մերժել են՝ պատճառաբանելով, թե մեկ ամսից պակաս ժամանակահատվածը բավարար չէ հավաստի ու բովանդակալից դիտարկման համար:

«Ընտրությունների թափանցիկ և հավաստի դիտարկումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն և ընտրական գործընթացի հիմնական փուլերին հասանելիություն՝ մեր համապարփակ մեթոդաբանությանը համապատասխան։ Ցավոք, այդքան ուշ փուլում մեզ հրավիրելու Վրաստանի իշխանությունների որոշումը բացառում է լիարժեք դիտարկման հնարավորությունը, և ԺՀՄԻԳ-ը չի կարող դիտորդական առաքելություն ուղարկել ընտրություններին»,- ասված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հայտարարության մեջ:

Որպես ԵԱՀԿ մասնակից պետություն՝ Վրաստանը պարտավորվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Չնայած ԺՀՄԻԳ-ը չի մեկնաբանում ընտրությունները, որոնց չի հետևում, Բյուրոն հայտարարել է, որ կշարունակի հետևել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր մանդատի ներքո բոլոր ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, հիմնարար ազատությունները և իրավունքի գերակայությունը: