Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին. Փաշի...
Կարծում եմ` տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ Մայր Աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, և եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդները թափանցիկ ձևով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին:«Առաջին հերթին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին, և որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին և հասու միջոցներով կաջակցեմ նրանց և թիկունք կկանգնեմ նրանց»,- ասաց վարչապետը:Փաշինյանը կոչ արեց հոգևոր դասի ներկայացուցիչներին կանգնեն այդ խնդիրների կողքին՝ նշելով, որ իրենք իրենց պրոբլեմների մասին եթե չխոսեն, ոչ ոք չի խոսի: «Ես կարող է խոսեմ, բայց այդ պրոբլեմների շատ քիչ մասը գիտեմ: Գրառումը կարդացել եմ, շատ բաներ ինձ համար նորություն էին: Հենց համայնքը եկեղեցու պետք է հստակ դիրքորոշում հայտնի և իր հոգևոր առաջնորդին պետք է պաշտպանի, որովհետև նրանք են ամենաշատը և ամենալավը ճանաչում իրենց հոգևոր առաջնորդին, և պիտի իմանան նրա արժանիքները և նրա թերությունները և պիտի որոշում կայացնեն՝ նրան պաշտպանել: Ե՛վ համայնքը, և՛ տեր Արամը, և՛ մյուս հոգևորականները, ովքեր այս տրամաբանության և հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը, և ես բոլոր հնարավոր թույլատրելի միջոցներով կաջակցեմ նրանց: Մենք խոսում ենք արժեքահենք պետություն ունենալու մասին, դա չի կարող տեղի ունենալ, եթե մեր արժեքների էպիկենտրոնը, մեր արժեքների մայրաքաղաքը, մեր արժեքների սրբություն սրբոցը պղծված է: Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, ապա նախ հոգևոր կենտրոնի արժեքները պիտի ազատագրենք պղծությունից: Այս ճանապարհին ես ասել եմ, որ պատասխանատվությունը և առաջնորդությունը ստանձնում եմ, և ուրիշ տարբերակ չկա, այդ հարցը պետք է լուծվի, և մենք միասին պետք է այդ հարցը լուծենք, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի այն ներկայացուցիչները, ովքեր իրոք ապրում են հոգևոր կյանքով և հոգևոր օրակարգով, հոգևոր արժեքներով, նրանք միանշանակ լինելու են այս պրոցեսի առաջամարտիկները, առաջնորդները, ես էլ նրանց հետ միասին»,- նշեց վարչապետը: