Վաշինգտոնյան համաձայնությունները տալիս են ՀՀ-...

Վաշինգտոնյան համաձայնությունները Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում տալիս են այդ հարաբերությունները խորացնելու հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ուղիղ ասել, որ ՌԴ նախագահի հետ և՛ հեռախոսազրույցում, և՛ մեր հանդիպման ընթացքում, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք, և ես խոսել եմ մեր այն հնարավորությունների մասին, որ բացվում են մեր հարաբերությունները խորացնելու համար:

Հիմա, կա՞ն արդյոք մտավախություններ: Իհարկե կան: Կայի՞ն արդյոք այդ մտավախություններն օգոստոսի 8-ից առաջ: Իհարկե կային: Արդյոք այդ մտահոգությունները լինելո՞ւ են: Այդ մտահոգությունները լինելու են միշտ. դա բնականոն պրոցես է: Քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, արտաքին հարաբերություններն էլ ուրիշ բանի մասին չեն. դրանք մի բանի մասին են՝ կողմերը մտահոգությունները կիսում են իրար հետ և սկսում են նայել, թե ինչպես կարող են համագործակցել այդ մտահոգությունները կառավարելու և փարատելու ուղղությամբ: