Ավելացված արժեքի հարկը ՀՀ բյուջեն համալրել է...

2020թ. պետբյուջեի հարկային մուտքերի կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ մոտ 472 մլրդ դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում, տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 2-ին ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, ինչպես նախորդ, այնպես էլ 2020թ. ավելացված արժեքի հարկը կազմել է ամենամեծ բաժինը Հայաստանի եկամուտների կառուցվածքում։ «ԱԱՀ-ից մուտքերը 2020թ. կազմել են մոտ 472 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա մեծությամբ հաջորդը եկամտահարկն է, որից պետբյուջեն համալրվել է մոտ 412 մլրդ դրամով, ինչը կազմում է բոլոր հարկային մուտքերի մոտ 30 տոկոսը»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։

Իսկ մուտքերը շահութահարկից կազմել են մոտ 149 մլրդ դրամ։