Զելենսկու խոսքով՝ թիրախավորվել են Ուկրաինայի...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել երկրի տարածքին, սակայն Կիևը դարձյալ գործընկերներից նախազգուշացում չի ստացել այդ հարվածների մասին: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Ռուսական բալիստիկ հրթիռները գիշերը մի քանի ալիքով կրկին հարձակում իրականացրին, և կրկին մեր գործընկերների կողմից ոչ մի նախազգուշացում չեղավ», - գրել է նա:

Զելենսկու խոսքով՝ թիրախավորվել են Ուկրաինայի էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտները, հարվածների տակ են հայտնվել բուժհաստատություն, դպրոց, մետրոյի կայարան և բնակելի շենքեր: Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ արձակվել է 16 բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 200-ից ավելի անօդաչու թռչող սարք: Զելենսկին հայտնել է, որ կան զոհեր, վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի ավելի քան 10 օբյեկտ, ինչի հետևանքով առնվազն 550 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Կիևի մարզում ռուսական հարվածներից 1 մարդ զոհվել է, 17 մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ 8 երեխա: Վնասվել է 84 օբյեկտ, այդ թվում՝ 4 բարձրահարկ շենք և 70 մասնավուր տուն:

Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել: