Եթե կառավարությանը դա պետք է, կառավարությունը...

Հայաստանում անհրաժեշտ է փոխել պետության և ընդերքօգտագործողների միջև փոխհարաբերությունների փիլիսոփայությունը։ Այս մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ ելույթ ունենալով ոլորտային Mining Armenia Forum 2026 համաժողովում։

Նրա խոսքով՝ առանց հստակ ձևակերպված և հետևողականորեն կիրառվող օրենքների, որոնք պաշտպանում են ներդրողների իրավունքները, հանքարդյունաբերությունը կշարունակի մնալ ներկայիս վիճակում։

«Մենք արդեն երեք տարի է՝ հանդիպումներ ենք անցկացնում։ Այդ ընթացքում որևէ հանքավայր հայտնաբերվե՞լ է։ Ոչ։ Իսկ այն հանքավայրերը, որոնք արդեն հայտնաբերվել էին, այդ լիցենզիաներից գոնե մեկը գործող հանքավայրի՞ է վերածվել։ Շինարարություն սկսվե՞լ է։ Ոչ», - հայտարարել է Խուդոլին։ ԶՊՄԿ-ի ղեկավարի խոսքով՝ վերջին 15–20 տարիների ընթացքում արդյունքի հասնել հաջողվել է միայն Lydian ընկերությանը։

Խուդոլին ընդգծել է, որ հանքարդյունաբերության ոլորտում հարաբերություններում միշտ կա երկու կողմ՝ պետությունը և ընդերքօգտագործողը։ Նրա կարծիքով՝ լուրջ առաջընթացի քայլ կարող է լինել ֆինանսական մոտեցումից անցումը ինստիտուցիոնալ մոտեցման, որի դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկառուցվեն հստակ կանոնների և պարտավորությունների հիման վրա։ «Պետք է լինի կողմերի հստակ պատասխանատվություն։ Պատասխանատվությունը չի կարող դրված լինել միայն ընդերքօգտագործողի վրա», - նշել է նա։

Խուդոլին ընդգծել է, որ օրենսդրությունը պետք է այնքան հստակ լինի, որպեսզի յուրաքանչյուր ներդրող հասկանա ներդրումների պայմանները և կարողանա հույս դնել իր իրավունքների պաշտպանության վրա։ Նա հիշեցրել է, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վերադարձը տևում է առնվազն 10–15 տարի։ Ընդ որում, արտադրության մեկնարկը միայն առաջին փուլն է․ դրանից հետո դեռ պետք է վերադարձվեն ներդրված միջոցները։ Խուդոլիի խոսքով՝ հանքարդյունաբերությունը իներտ ոլորտ է, որտեղ ներդրումային որոշումները ենթադրում են արդյունքների երկարատև սպասում։ Ուստի՝ առանց հստակ կանոնների և ներդրողների իրավունքները պաշտպանող օրենքների դժվար կլինի զարգացման հույս ունենալ։ Այս պահանջները, ինչպես նա ընդգծել է, վերաբերում են և՛ երկրաբանությանը, և՛ արտադրական գործընթացներին, քանի որ երկու դեպքում էլ խոսքը ներդրումների մասին է։

Խուդոլին հայտարարել է, որ առանց առկա մոտեցման փոփոխության ոլորտը կշարունակի բախվել նույն խնդիրներին։ «Մենք արդեն լավ ճանաչում ենք միմյանց, մեզ հաճելի է շփվել, բայց, այնուամենայնիվ, կշարունակենք տեղում դոփել», - ասել է նա։ Այս կապակցությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը բարձրացրել է հանքարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների բուն փիլիսոփայությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Նրա խոսքով՝ եթե կառավարությունը շահագրգռված է ոլորտի զարգացման մեջ, ապա այն պետք է իր վրա վերցնի համապատասխան պայմանների ստեղծման պատասխանատվությունը։

«Օրենքները պետք է շատ հստակ գրված լինեն և, ինչն ավելի կարևոր է, պետք է հստակ կիրառվեն», - ընդգծել է Խուդոլին։ Նա նաև ուշադրություն է հրավիրել պետական մարմինների կողմից որոշումների ընդունման ժամկետներին։ Նրա խոսքով՝ նախատեսված ժամկետը չորս ամիս է, սակայն երբեմն որոշման ընդունման համար պահանջվում է մի ամբողջ տարի։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող համաժողովի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։