«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:
Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:
Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում:
Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը:
Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն»:
Մանրամասները՝ «Փաստ»-ում։



