«Ես խաբել չեմ կարող». ինչու է հրաժարական տվել...

Այսօրվանից, իմ դիմումի համաձայն, այլևս չեմ զբաղեցնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է Արթուր Մովսիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան 6,5 տարի այս պաշտոնում Հայաստանի Հանրապետությանը ծառայելն ու գիտության զարգացմանը գիտելիքներս և փորձս ներդնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էին։ Միասին ահռելի աշխատանք ենք կատարել, բայց դեռ շատ անելիք ունենք։

Երբեք չեմ աշխատել շնորհակալություն ստանալու ակնկալիքով․ անմնացորդ նվիրումն իմ պարտականությունն եմ համարել։ Սակայն այս ոճով աշխատելը բերել է նրան, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ շնորհակալական խոսքեր եմ լսել։ Այժմ իմ հերթն է շնորհակալություն հայտնելու․․․

Շնորհակալ եմ Սարգիս Հայոցյանին, ում հետ երկար ճանապարհ ենք անցել և դրել մեր երազանքի իրականացման հիմքերը․․․

Շնորհակալ եմ նախարարներ Արայիկ Հարությունյանին, Վահրամ Դումանյանին և Ժաննա Անդրեասյանին ինձ վստահելու համար, ես շատ բան եմ սովորել ձեզանից․․․

Շնորհակալ եմ կոմիտեի իմ թիմին և ամբողջ անձնակազմին՝ հսկայական աշխատանքի և նվիրումի համար․․․

Շնորհակալ եմ գիտական համայնքի և ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր ներկայացուցիչներից ու նախաձեռնություններից՝ ակտիվ և հետևողական մասնակցության համար։

Առանձնահատուկ շնորհակալ եմ գիտնականներից, շատերը հավատացել են և անցնում են մի դժվար ճանապարհ, որպեսզի վաղը իրենց դոկտորանտները և դոկտորանտների դոկտորանտները այլևս այդ դժվարությունները չտեսնեն․․․

Շնորհակալություն եմ հայտնում նաև կառավարությանը, որը հավատացել է գիտության ներուժին, հզոր գիտակրթական համակարգով ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և վերջին տարիներին էական ներդրումներ է կատարել ոլորտում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։

Յուրաքանչյուրի ներդրումը անուրանալի է, առանց դրա բարեփոխումները չէին հաջողվի։

Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց ենք արձանագրել։ Այդուհանդերձ, դեռ հեռու ենք մեր երազանքից։ Կառավարության ծրագրով և գիտության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին հասնելու համար բոլոր օղակներում երկարատև ու հետևողական աշխատանք է անհրաժեշտ։

Աշխատանքից ազատման դիմումիս հիմնական պատճառն այն է, որ մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին։

Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ․ այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի։ Պատճառների վերաբերյալ մի փոքր ավելի մանրամասն խոսել եմ հղումում տեղադրված նյութում․․․

Ինձ ճանաչողները գիտեն՝ երբեք չեմ վախեցել կամ խուսափել պայքարից և աշխատանքից, բայց որոշումս կայացրել էի ավելի շուտ, երբ բյուջեի նախագիծը արդեն կառավարությունում էր։ Սակայն Հայոցյանի հրաժարականից հետո մնացի և վերջին երեք շաբաթում կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելիս իմ լիազորությունների շրջանակում արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չլինի, հայտարարված և որոշ ամփոփված ծրագրեր այս տարի ֆինանսավորում ստանան, մի շարք սարքերի պայմանագրերը չչեղարկվեն․․․

Վերջում քննադատությունս ուղղում եմ կառավարությանը, սուտի ընդդիմադիրները թող չառիթավորվեն, ես քննադատում եմ իմ կառավարությանը, որին ընտրել եմ և առնվազն այդ իմաստով իրավունք ունեմ։

Սիրելի կառավարություն, այժմ ժամանակն է մեր խոսքը գործով հաստատելու։ Գրեթե վստահ եմ, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում գիտության ֆինանսավորումը որոշ չափով կավելանա։ Սակայն խնդիրն այլևս միայն գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը։

Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։

Զարգացման տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են որոշ համակարգային փոփոխություններ։ Խնդիրը նաև գործընթացների կազմակերպման և բոլոր ներգրավված օղակների՝ ոլորտի հանդեպ պատասխանատվության ու հանձնառության (ownership) մեջ է։

Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել էք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում…

Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, հավատացել և հավատում եմ այն ճանապարհին որով գնում ենք, չեմ հոգնել և շարունակելու եմ գիտելիքներս և փորձս ծառայեցնել ոլորտի զարգացմանը․․․

Շատ դժվար է եղել այս որոշման կայացումը, գործընկերներից, գիտական համայնքից և ընկերներից շատերը համաձայն չեն որոշմանս հետ, սակայն որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա, կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող․․․»։