Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչությունը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրություններ է իրականացնում և աշխատանքներ է տանում երկրում զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար:
«Պատերազմից հետո Արցախի հիմնական զբոսաշրջավայրերի 80 տոկոսն այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված է, սակայն չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր ներուժը: Կան բազմաթիվ վայրեր, որոնք ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, և Արցախի Հանրապետությունը, ի դեմս Զբոսաշրջության վարչության, աշխատում է այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ մշտադիտարկումներ են իրականացվել, կազմակերպվել են ճանաչողական այցեր դեպի այլընտրանքային ուղղություններ: Դրանցից Առաքելյանը նշեց Պատարա-Ծմակահող-Քոլատակ-Վանք գյուղ ուղղությունը:
ԱՀ զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ իրենք նախատեսում են զարկ տալ էկոտուրիզմին և գյուղատնտեսական զբոսաշրջությանը, քանի որ երկրում կա մեծ ներուժ:
«Կան նաև այլ ուղղություններ, դեպի Տոնաշեն, Երից Մանկանց վանք, Ջրաբերդի ամրոց, Բերդաշեն, Ամարաս ու Գանձասար: Այժմ կսկսենք ավելի զարգացնել քայլարշավային տուրիզմը»,- նշեց Առաքելյանը: