«Տրամադրությունը մարտական է, քայլ առ քայլ հասնում ենք մեր դրած նպատակակետին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի աշխատակից Վահե Մխիթարյանը՝ ներկայացնելով գործադուլի չորրորդ օրը։
Նրա խոսով, կարելի է ասել, այսօր գործադուլն ամենաբազմաարդն է։
«Սպասում ենք արձագանքի։ Եթե լեգիտիմության հարց կար, դա էլ կարծեք թե լուծվում է։ Հայտարարվել էր, իբր թե գործադուլին մասնակցում են կոմբինատի աշխատակիցների 7-8 տոկոսը։ Դա իրականությանը բնականաբար չի համապատասխանում, բաց, թափանցիկ քվեարկությունը ցույց է տալիս, որ մենք մոտ ենք 50+1 տոկոս նշաձողին»,-ասաց բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցը։
Հիշեցնենք, որ կոմբինատի բազմաթիվ աշխատակիցներ հունվարի 31-ից հայտարարել են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների բարելավում։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ սա աշխատավորական ընդվզումներ են՝ հանուն սոցիալական արդարության, և ամենակարևորը բաց երկխոսության մեխանիզմներ պետք է ստեղծել ու ինստիտուտցիոնալիզացնել, ամեն անգամ չենք հավաքվելու խնդիրները լուծելու համար, որոնք բավականին շատ են։ Մեր հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է ու այդ մեխանիզմի ստեղծումը։ Արհմիությունը երբեք մեզ չի պաշտպանում, ավելի շատ հանդես է գալիս ԶՊՄԿ-ի անունից, ամեն անգամ փողոցային տարբերակով չենք լուծելու խնդիրները։ Մեր մոտեցումները չեն փոխվել»,-ասաց աշխատակիցը։
Գործադուլ հայտարարածները սպասում են կոմբինատի ղեկավարության արձագանքին, նրանց հետ հանդիպմանը։
«Մենք կառուցողական են, առաջնորդվում ենք սոցիալական գործընկերության ու չվնասելու սկզբունքով։ Այն գումարները, որ պետք է աշխատեին գործադուլի ընթացքում, բավարար էին աշխատակիցների աշխատավարձի՝ առնվազն երկու տարով բարձրացնելու համար։ Մի խոսքով, մարդիկ գնում են ծայրահեղ տարբերակով, անընդհատ սպառնալիքներ են հնչեցնում, ԶՊՄԿ-ի պաշտոնական հռետորաբանությունն ավելի շատ հիշեցնում է թալիբանական ոճը, որը ոչ մի պլատֆորմ չի ստեղծում երկկխոսություն չի ստեղծում»,-ասաց նա։