Նոր փուլ և նոր շանս Վանեցյանի համար

2025 թվականին, գրեթե երեք տարվա լռությունից հետո, հրապարակային խոսքով հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։  Այս հրապարակային խոսքը, ըստ էության, Վանեցյանի քաղաքական դաշտ, այսպես ասած, երկրորդ գալստի մասին է ազդարարում։

Նախորդ փուլը Վանեցյանի մոտ այդքան էլ հաջող չստացվեց, քանի որ եղան մի շարք, առնվազն, ոչ ճիշտ հաշվարկված քայլեր։ Վանեցյանն առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացրել է պաշտոնը թողնելուց ամիսներ անց 2020 թվականին։ Այս քայլն այդ ժամանակ իսկապես երկրաշարժ էր քաղաքական դաշտի համար։ Նախորդ իշխանության ներկայացուցիչները քաղաքականապես սպառել էին իրենց, չկար հանրային վստահություն նրանց նկատմամբ և այդ ֆոնին իշխանությունից քաղաքական հայտարարությամբ պոկված Արթուր Վանեցյանի հայտն իսկապես հետաքրքիր երանգներ էր իր մեջ պարունակում։ 2018-2019 թվականի սեպտեմբերին Վանեցյանն իշխանական համակարգում վարկանիշով երկրորդ անձն էր, ուներ բացարձակ ճանաչելիություն։ ԱԱԾ նախկին պետ լինելու հանգամանքը հավելյալ կշիռ էր հաղորդում Արթուր Վանեցյան քաղաքական գործչին։ 

Մինչ 2020 թվականի պատերազմը, կարելի է ասել, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում ընդդիմադիր հատվածի առանցքն էր և Փաշինյանի դեմ սկսված պայքարի հիմնական քաշող ուժը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Փաշինյանի դեմ առաջին անգամ սկսկվեց պայքար, որի մասնակիցներն էին ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Հայրենիք կուսակցությունը։ Այս միավորման մեջ Վանեցյանինն էր գլխավոր դերը։

Մինչ պատերազմը Վանեցյանը հանրությանը ներկայանում էր նախորդ իշխանության թալանչիների դեմ պայքար մղած ԱԱԾ տնօրեն, որի պաշտոնավարման ժամանակ եղել են աղմակահարույց ձերբակալություններ։ Սրանով պայմանավորված սկսվում էր պրոցես, որով՝ Փաշինյանից հիասթափվող հանրությունը պետք է կոնսոլիդանար Վանեցյանի շուրջ։ Մարդու՝ ով հեղափոխության մաս է եղել ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնելով, բայց միևնույն ժամանակ հեռացել է Փաշինյանից, չմիանալով նախորդներին։ Այսինքն, նա հրաշալի հնարավորություն ուներ հանդես գալու, որպես 2018-ի մայիսին Փաշինյանին հավատացած, բայց խաբված քաղաքացիների վստահության պաշտպան։

Պատերազմը սակայն խառնեց բոլոր հաշվարկները։ Վանեցյանը պարտությունից հետո ստիպված եղավ համագործակցության գնալ նախորդ ռեժիմը ներկայացնող ուժերի հետ, որը բերեց  Հայրենիք կուսակցության առանձին միավորի և իր որպես ոչ նախկին, ոչ ներկա առաջնորդի  ձևավորման պրոցեսի դադարի։ Հետո Վանեցյանը ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով մտավ խորհրդարան։ Այս դաշինքի կազմում լինելը հատկապես հարվածեց Վանեցյանի իրական հնարավորությանը՝ այլընտրանքային բևեռի ձևավորմանը։ Այս փուլը Վանեցյանը ավարտեց 2022-ին, երբ Դիմադրության շարժման տապալումից հետո դարձավ միակ պատգամվորը, որը պատասխանատվություն ստանձնելով վայր դրեց մանդատը։

Հիմա, ինչպես ասեցինք, Վանեցյանն իր և իր թիմի համար տվեց նոր փուլի մեկնարկը։ Այստեղ հետաքրքիր կլինի դիտարկել, թե արդյոք նախորդ փուլից դասեր քաղվե՞լ են։ Սա իրականում նոր հնարավորություն է Վանեցյանի համար՝ տարանջատվել նախկին գործընկերներից ու նոր օրակարգով հանդես գալու համար։  Գյումրու առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են Վանեցյանի համար սեփական ուժերը գնահատելու և որպես առանձին միավոր հանդես գալու համար։