Հրադադարի դեպքում մինչեւ տարեվերջ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ԱՄՆ առաջարկը «ձախողակ» ծրագիր է, եթե Վաշինգտոնը ծրագրում է այլեւս ոչինչ չանել կայուն խաղաղության համար, ասել է Ուկրաինայի նախագահի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։
«Մոսկվան շարունակում է ավելացնել հրթիռների եւ զինամթերքի արտադրությունը, պատժամիջոցները շրջանցելու եւ նավթի վրա փող աշխատելու նոր ուղիներ գտնել։ Եվ պարզ է, որ այս բոլոր զենքերը չեն ստեղծվում ժողովրդավարական հարեւանների նկատմամբ հարգանքի հաշվառմամբ»,- ասել է Լիտվինը։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու հնարավորության մասին, եւ կոչ է արել Վաշինգտոնին շարունակել աշխատել «պատերազմը դադարեցնելու եւ կայուն խաղաղություն ապահովելու կոնկրետ ծրագրի ուղղությամբ»։
Մինչ այդ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը հայտնել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն մինչեւ տարեվերջ։ «Ժողովրդավարական երկրների մեծ մասում ընտրություններ անցկացվում են պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, որ կարեւոր է, որ նրանք դա անեն: Կարծում եմ՝ սա լավ է ժողովրդավարության համար։ Սա է ամուր ժողովրդավարության գեղեցկությունը, երբ մեկից ավելի մարդ կարող է առաջադրվել»,- ասել է Քելոգը: Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի թիմը կարծում է, որ Ուկրաինայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնց հաղթողը կկարողանա երկխոսություն վարել Ռուսաստանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։
Ուկրաինայում հերթական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2024թ.։ Պաշտոնապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարվա մայիսի 20-ին։ Երկրի Սահմանադրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Զելենսկու առաջարկով Գերագույն ռադան վեց ամիսը մեկ երկարացնում է ժամկետը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկու լիազորությունների լեգիտիմությունը սպառվել է, ուստի Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրել միայն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, որը «միակ լեգիտիմ իշխանությունն» է երկրում։
Ավելի վաղ «РБК-Украина»-ի աղբյուրները հայտնել էին, որ արեւմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ը, բազմիցս պնդել են նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական գործողությունների ցանկացած դադարեցման եւ դրան հաջորդած ռազմական դրության չեղարկման դեպքում։ Ինքը՝ Զելենսկին, հայտնել է, որ պատրաստ է կազմակերպել դրանք, բայց միայն այն դեպքում, եթե լինի զինադադար, եւ Կիեւը ստանա անվտանգության երաշխիքներ Արեւմուտքից։